Ինչպե՞ս փոխվեց Երևանի և Արարատյան աշխարհի ժողովրդագրական պատկերը
ՔՆՆԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԱՇԽԱՐՀԻ ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ ՓՈԽԵԼՈՒՆ ՈՒՂՂՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ
Վերջին տարիներին ապշերոնյան և անատոլիական թուրքական քարոզչության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում մի պարզունակ թեզ․ եթե XIX դարի սկզբին Երևանի խանության բնակչության մեջ մահմեդականները մեծ թիվ էին կազմում, ապա այդ տարածքը, իբր, «ապշերոնյան» է եղել։
Այս փաստարկը պատմականորեն անբավարար է։ Ժողովրդագրական
պատկերը որևէ տարածքի պատմական պատկանելության ինքնուրույն ապացույց չէ, հատկապես այն
դեպքում, երբ այդ պատկերը ձևավորվել է դարերի պատերազմների, բռնի տեղահանությունների,
բնակչության վերաբնակեցման և վարչական քաղաքականության հետևանքով։
Ավելին՝ այստեղ կա մի ուշագրավ հանգամանք․ Երևանի
տարածաշրջանի ժողովրդագրական փոփոխությունների մասին խոսելիս անհրաժեշտ է լսել ոչ միայն
հայկական աղբյուրներին, այլև հենց օսմանյան, պարսկական և ռուսական պաշտոնական ու մահմեդական
հեղինակների վկայությունները։
1. Կանխամտածված ժողովրդագրական
քաղաքականություն
Պատմական Երևանի կամ Արարատյան աշխարհի տարածքը 1410 թվականից
մինչև 1828 թվականը մեկ միասնական «պարսկական մարզ» չի եղել։
XV դարում այստեղ իշխանություն են ունեցել Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու թուրքմենական
պետությունները, XVI դարում տարածքը հայտնվել է Սեֆյան Իրանի և Օսմանյան կայսրության միջև երկարատև պատերազմների կենտրոնում։ 1583-ին օսմանյան զորքերը գրավեցին Երևանը, իսկ 1590 թվականի պայմանագրից հետո տարածաշրջանի նկատմամբ օսմանյան իշխանությունը հաստատվեց։ 1603–1604 թվականներին Շահ Աբբաս I-ը այն կրկին գրավեց։
Комментарии
Отправить комментарий