Կլինի՞ անցում «Առք ու վաճառքից» դեպի օդային վահան
Ապշերոնյան ռեժիմի քարոզչամեքենան (EDnews և այլ մեդիա հարթակներ) վերջերս տագնապով ահազանգում է հայ-հնդկական ռազմական գործընկերության որակական նոր փուլի մասին։ Ապշերոնյան ռեժիմի կողմի վերլուծաբանները հատուկ ընդգծում են, որ Հնդկաստանի զինված ուժերի սպաներն արդեն Հայաստանի Հանրապետության տարածքում «Ակաշ» հակաօդային պաշտպանության համալիրների հատուկ վարժանքներ են անցկացնում հայ զինծառայողների համար։ Բաքվի ռեժիմը գիտակցում է. Երևանի և Նյու Դելիի հարաբերությունները դուրս են եկել զենքի սովորական «առք ու վաճառքի» տրամաբանությունից՝ վերածվելու են խորը օպերատիվ և մարտավարական դաշինքի։
Սակայն այն, ինչ Արձախը զավթած Բաքվի ռասիստական ռեժիմի կողմից ներկայացվում է որպես «սպառնալիք», Հայաստանի Հանրապետության համար կենսական անվտանգային անհրաժեշտություն է։ Աշխարհաքաղաքական ընթացիկ իրողությունները փաստում են, որ ՀՀ-ի տարածքում հնդկական ռազմաօդային / հանգուցային ավիաբազայի հիմնումը ոչ միայն հնարավոր է, այլև դարձել է օրակարգային անհետաձգելի խնդիր։
1. «Ակաշ» համակարգերից մինչև օդային գերիշխանություն. Տեխնիկական և լոգիստիկ անհրաժեշտություն
«Ակաշ» միջին հեռահարության ՀՕՊ համակարգերը, Pinaka համազարկային հրթիռային կայանքները և ATAGS հրետանին պահանջում են մշտական տեխնիկական սպասարկում, սպառազինության անխափան մատակարարում և օպերատիվ կառավարում։ Հայաստանի Հանրապետության տարածքում հնդկական ռազմաօդային և լոգիստիկ հենակետի (Hub) առկայությունը թույլ կտա.
Ապահովել հնդկական արտադրության սպառազինության անհապաղ տեխսպասարկումը։
Ստեղծել ԱԹՍ-ների և ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) համատեղ կառավարման կենտրոններ։
Արագացնել հայ օդաչուների և ՀՕՊ մասնագետների վերապատրաստումը՝ հնդիկ հրահանգիչների անմիջական մասնակցությամբ։
2. Թուրք-պակիստանական-ապշերոնյան ագրեսիվ «եռյակի» չեզոքացում
Ապշերոնի ռեժիմն ու Թուրքիան բացահայտորեն խորացնում են ռազմական դաշինքը Պակիստանի հետ (համատեղ «Երեք եղբայր» վարժանքներ, պակիստանյան JF-17 կործանիչների ձեռքբերում)։ Պակիստանն այն երկիրն է,
որը հակամարտում է Հնդկաստանի հետ և ոչ միայն չի ճանաչում Հայաստանի Հանրապետությունն, այլև ակտիվորեն մասնակցություն է ցուցաբերել Արձախի Հանրապետության դեմ 44 օրյա ինտերվենիցային։ՀՀ-ում հնդկական ավիաբազայի կամ ռազմաօդային ներկայության ձևավորումը Հնդկաստանի ուղղակի և համարժեք պատասխանը կարող է լինել Իսլամաբադ-Բաքու-Անկարա ագրեսիվ առանցքին։ Սա Նյու Դելիին հնարավորություն կտա զսպել Պակիստանի աշխարհաքաղաքական հավակնությունները Հայկական լեռնաշխարհի Հարավային Կովկասի շրջանում։
3. «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի անվտանգային վահանը
Հնդկաստանի համար Հայաստանի Հանրապետությունը սովորական զենքի գնորդ չէ, այլ «Չաբահար (Իրան) – ՀՀ – Վրաստան – Փոթի» ռազմավարական առևտրային միջանցքի առանցքային օղակ։ Այս երթուղին Հնդկաստանին կապում է Եվրոպայի հետ՝ շրջանցելով Ապշերոնյան թշնամական ռեժիմին ու նրան աջակցող ցեղասպան Թուրքիային։
Այս միջանցքի և մասնավորապես Սյունիքի անվտանգությունն ու կայունությունն ուղղակիորեն բխում են Հնդկաստանի տնտեսական շահերից։ Ռազմաօդային հենակետը կծառայի որպես անվտանգության երաշխիք այս միջազգային զարկերակի համար։
4. Անվտանգային վակուումի լրացում
ՀԱՊԿ-ի անգործության և տարածաշրջանում ավանդականl դաշնակիցների պարտավորությունների թերացման ֆոնին ՀՀ-ին անհրաժեշտ են իրական, գործուն զսպման մեխանիզմներ (դա Փաշինյանի կառավարությանը թույլ կտա Կրեմլի դրածո լինելու հայտարարությունների ժխտման խաղաթուղթ ունենալ) ։ Հնդկական ռազմաօդային ներկայությունը ՀՀ-ում կստեղծի նոր աշխարհաքաղաքական հավասարակշռություն՝ կանխելով հնարավոր նոր հարձակումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Ամփոփում
Հայ-հնդկական հարաբերություններն իրոք անցել են սովորական գնումների փուլը։ Հայաստանի Հանրապետության օդային տարածքի պաշտպանությունն ու հնդկական ռազմավարական ներկայությունը մեկ ամբողջություն են։ Հայաստանի Հանրապետությունում հնդկական ավիաբազայի կամ ռազմաօդային հենակետի բացումը ոչ թե քաղաքական ցանկություն է, այլ երկու երկրների ազգային ու պետական շահերից բխող անհետաձգելի հրամայական։
Комментарии
Отправить комментарий