«Մարիամ-ե Մողադդաս» մետրոյի կայարանը Թեհրանում
Թեհրանի սրտում նոր շունչ է ստանում դարավոր բարեկամությունը․ մայրաքաղաքի մետրոյի նոր կայարանը՝ «Մարիամ-ե Մողադդաս» (Սուրբ Աստվածածին) անվամբ, կառուցվել է Իրանի հայ համայնքի պատվին։ Այն գտնվում է Սուրբ Սարգիս տաճարից ընդամենը մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա՝ միավորելով սրբության խորհրդանիշն ու մարդկային հոգու ճանապարհը։
Այս նախաձեռնությունը վկայում է Իրանի ժողովրդի և պետության այն բարձր բարոյական վերաբերմունքի մասին, որը դարեր շարունակ դրսևորվել է հայ ժողովրդի հանդեպ՝ որպես մշակութային, հոգևոր և պետական հենասյուներից մեկի։ Հայերը Իրանի պատմության մեջ երբեք օտար չեն եղել․ նրանք եղել են ստեղծարար գործընկերներ՝ ճարտարապետության, արվեստի, գիտության ու պետական կառավարման ոլորտներում։«Մարիամ-ե Մողադդաս» կայարանը ոչ միայն քաղաքային ենթակառուցվածք է, այլև քաղաքակրթական գաղափար։ Այն հուշում է, որ Իրանը շարունակում է հավատարիմ մնալ իր հոգևոր սկզբունքին՝ հարգանքի բոլոր հավատների և մշակույթների հանդեպ։ Հայկական անունը Թեհրանի մետրոյի քարտեզի վրա խորհրդանշում է այն անքակտելի կամուրջը, որը դարեր շարունակ կապել է Արարատի և Պերսեպոլիսի ժառանգներին՝ քրիստոնեական և զրադաշտական արժեքների խաղաղ համակեցությամբ։
Այս քայլը փաստում է, որ հայ-իրանական հարաբերությունները չեն կառուցվում շահի վրա, այլ ձևավորվում են հոգևոր և քաղաքակրթական փոխըմբռնման հիմքի վրա։ Դրանք դարերի փորձություն անցածբարեկամական կապեր են, որոնք ապացուցում են՝ երբ ժողովուրդները հենվում են հիշողության և փոխադարձ հարգանքի վրա, քաղաքական սահմանները դառնում են ոչ թե բաժանարար, այլ միավորող գծեր։
Թեհրանի «Մարիամ-ե Մողադդաս» կայարանը, իր անվան պես, խորհրդանշում է մաքրություն, խաղաղություն և հավիտենականություն՝ երկու հին քաղաքակրթությունների բարեկամության մետաղական արձագանքը ժամանակի խորքում։
Комментарии
Отправить комментарий