Որքանո՞վ է մարդը հասկանում իր ապրած աշխարհը
1999 թվականի մարտի 31-ին էկրան բարձրացավ մի ֆիլմ, որը շոշափեց մարդկային գոյության ամենահիմնական հարցերից մեկը՝ որքանո՞վ է մարդը հասկանում այն աշխարհը, որտեղ ապրում է։ 20-րդ դարի վերջն էր։ Մարդկությունը արագորեն մտնում էր թվային դարաշրջան։ Զարգանում էին համակարգիչները, ինտերնետը, տեղեկատվական տեխնոլոգիաները։ Փոխվում էին տեղեկություն ստանալու, հաղորդակցվելու և իրականությունը ընկալելու ձևերը։ Աշխարհը կանգնած էր նոր հազարամյակի շեմին։ Եվ հենց այդ ժամանակ էլ հայտնվեց «Մատրիցա» ֆիլմը։ 1. ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ Ֆիլմում մարդկությունն ապրում է արհեստականորեն ստեղծված իրականության ներսում։ Մարդիկ այն ընկալում են որպես միակ գոյություն ունեցող աշխարհ, հետևում են սահմանված կանոններին և նույնիսկ չեն կասկածում իրական դրության մասին։ Սա հասարակական կառուցվածքի հզոր փոխաբերություն է։ Մարդուն մանկուց ձևավորում են աշխարհի մասին որոշակի պատկերացում՝ կրթական համակարգի միջոցով, հեռուստատեսության և զանգվածային լրատվամիջոցների միջոցով, հասարակական նորմերի ու ավանդույթների միջոցով, քաղաքակա...