80 միլիոնանոց Թուրքիան դողո՞ւմ է անզեն հայ կնոջից
Քաղաքական իրականությունը երբեմն այնպիսի տեսարաններ է բեմադրում, որ նույնիսկ երգիծաբանը ստիպված է մի պահ լռել՝ մասնագիտական նախանձից։ Ահա, օրինակ, մի երկիր, որը սովոր է իրեն ներկայացնել որպես տարածաշրջանային ծանրակշիռ ուժ, ռազմական հզորության անքննելի խորհրդանիշ, ռազմավարական հաշվարկի անթերի վարպետ։ Մի երկիր, որը պարբերաբար կազմակերպում է թուրք-ադրբեջանա-պակիստանյան համատեղ զորավարժություններ, ցուցադրում հարվածային ԱԹՍ-ներ, զրահատեխնիկա, հրետանի, արբանյակային համակարգեր և, իհարկե, այդ ամենից էլ ավելի ազդեցիկ մի բան՝ սեփական մասին բարձր կարծիք։
Թվում է՝ նման պետական մեքենան պետք է առանձնապես չհուզվի ոչնչից։
Սակայն քաղաքականության հմայքը հենց այն է, որ երբեմն ամենամեծ աղմուկը բարձրացնում են նրանք, ովքեր ամենից շատ են վստահեցնում, թե լիովին հանգիստ են։Եվ ահա մի օր այդ հսկայական, լավ զինված, աշխարհաքաղաքականորեն ինքնավստահ համակարգը կանգ է առնում սահմանի վրա՝ մտահոգված ոչ թե դիվիզիայի, ոչ թե զինված խմբի, ոչ թե տեխնոլոգիական ներթափանցման, այլ մի հայ կնոջ մուտքով։ Խոսքը իրավապաշտպան, Արևմտյան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Նելլի Հարությունյանի մասին է, որը Վրաստանից ցանկանում էր անցնել Թուրքիա՝ Էրզրում և Մուշ մեկնելու մտադրությամբ։
Մարդը, ով սովոր է դասական քաղաքական մտածողությանն, այստեղ անխուսափելիորեն հայտնվում է տրամաբանական դժվարության առաջ։ Եթե պետությունը հզոր է, ինչո՞ւ է շփոթվում։ Եթե վստահ է իր պատմական և քաղաքական ճշմարտության վրա, ինչո՞ւ է հուզվում։ Եթե վերահսկում է իրավիճակը, ինչո՞ւ է մեկ ժամից ավելի ժամանակ պահանջվում որոշելու համար,
թե ինչ անել անզեն ու խաղաղ այցելուի հետ։ Ու երկար սպասումից հետո Նելլի Հարությունյանը թուրք սպային դիմում է պարզ հարցով՝- «Ի վերջո կկողմնորոշվե՞ք, թե ինձ որ ուղղությամբ եք թողնելու շարժվել...»: Այդ հարցասդրման մեջ, թերևս, ավելի շատ քաղաքական բովանդակություն կա, քան բազմաթիվ միջազգային համաժողովների ճառերում։ Որովհետև երբ հզորության մասին խոսակցությունը բախվում է իրականության հետ, երբեմն պարզվում է, որ ամենաբարդ խնդիրը ոչ թե սահման պահելն է, այլ ներքին վախը կառավարելը։
Տպավորությունն այնպիսին է, կարծես խնդիրը ոչ թե անձի ֆիզիկական ներկայությունն էր, այլ նրա խորհրդանշական իմաստը։ Մի կին, առանց զենքի, առանց սպառնալիքի, առանց ցուցադրական ժեստերի, բայց պատմական հիշողությամբ։ Եվ, ինչպես հաճախ է պատահում, հենց հիշողությունն է, որ մեծ պետություններին անհարմար դրության մեջ է դնում շատ ավելի հեշտ, քան որևէ ռազմական մարտահրավեր։
Այս տեսարանը հատկապես ուշագրավ է այն պատճառով, որ բացահայտում է մի հանգամանք, որի մասին սովորաբար չեն սիրում խոսել բարձրաձայն. երբ պետությունը չափազանց երկար ու չափազանց ջանասիրաբար ցուցադրում է իր ուժը, երբեմն ակամա սկսում է կասկած հարուցել, թե այդ ցուցադրությունն ուղղված է ոչ այնքան ուրիշներին համոզելուն, որքան ինքն իրեն հանգստացնելուն։ Այսինքն՝ ուժի շքերթը երբեմն դառնում է ներքին անվստահության հանդիսավոր ձևաչափ։Թուրքիայի այս վարքագծում, եթե անկեղծ լինենք, կա ոչ թե ուժեղի սառնասրտություն, այլ նյարդային զգայունություն։ Իսկ նյարդային զգայունությունը, հատկապես պետական մակարդակում, սովորաբար պատահական չի լինում։ Այն առաջանում է այնտեղ, որտեղ կա չմարսված անցյալ, չընդունված պատասխանատվություն և հիշողությունից փախչելու վաղեմի, բայց ապարդյուն փորձ։
Իսկ «անկախ» ու «ուշադիր» «հայրենա-կան» ԶԼՄ-ներին մնում է միայն շարունակել իրենց խորը, խուլ և համակարգային լռությունը՝ կարծես տեղի ունեցածը ոչ թե միջազգային սկանդալ է, այլ հերթական անհետաքրքիր եղանակային կանխատեսում։ Բայց փաստն անխուսափելի է. պատմությունը հիշելու է ոչ թե թուրքական զորավարժությունների փոշին, այլ այն, թե ինչպես էին 80 միլիոնանոց Թուրքիայի վրացական սահմանին թուրքական հատուկծառայությունների սպաները կորցրել գլուխները՝ հանդիպելով հայ կնոջ հաստատակամությանը։
Ի վերջո պատմությունը հ լավ է հիշում այն պահերը, երբ հռչակված հզորությունները հանկարծ անպատրաստ են դուրս գալիս մեկ մարդու պարզ ներկայության դիմաց։ Այդ իմաստով սահմանային այս դրվագը փոքր չէ։ Այն պարզապես անհարմար է նրանց համար, ովքեր նախընտրում են ուժի մասին առասպելը՝ ուժի իրական չափման փոխարեն։
Եվ այստեղ բնականորեն ծնվում է մի հարց, որը գուցե դիվանագիտական չէ, բայց տրամաբանական է.
-Եթե թուրքական պետությունն այդքան զգայուն է մի հայ կնոջ օրինական այցի նկատմամբ, ապա ինչո՞ւ չի արգելում հազարավոր հայ զբոսաշրջիկների մուտքը՝ իմանալով որ շատերի նպատակը բիբլիական Արարատ բարձրանալն է։
Խնդիրը ճանապարհի ուղղությունն է՞, թե՞ պատմական հիշողությունը





Комментарии
Отправить комментарий