Ի՞ՆՉ ՏԻՏՂՈՍՆԵՈՎ ԵՆՔ ՄԵՆՔ «ՄԵԾԱՐՈՒՄ» ՄԵՐ ԳՈՐԾԻՉՆԵՐԻՆ

 

Ազգային ինքնությունը միայն հայրենի հողը, դրոշը, զինանշանը կամ պետական սահմանը չէ։ Ազգային ինքնությունը նաև
այն լեզուն է, որով ժողովուրդը ճանաչում, անվանում և գնահատում է իր պատմությունը և իր հանրային ու զինվորական գործիչներին։

Եվ այստեղ մի հարց կա, որի շուրջ արժե լրջորեն մտածել։

Ինչո՞ւ ենք մենք մեր ազգային մեծերին հաճախ անվանում օտար պետությունների ու կայսրությունների տված տիտղոսներով։

Օրինակ՝ Պողոս Նուբար փաշա, Անդրանիկ փաշա, Աժդահա փաշաՙ 

Գևորգ Չաուշ
և բազմաթիվ այլ նման ձևակերպումներ։

Մի՞թե հայ մարդու մեծությունը հաստատվում է նրան օտար իշխանության տված տիտղոսով։

Մի՞թե Անդրանիկ Օզանյանի մեծությունը նրա «փաշա» կոչման մեջ էր։

Իհարկե՝ ոչ։

Նրա մեծությունը նրա զորավարական վաստակի, ազգային ծառայության և ժողովրդի ազատության համար մղած պայքարի մեջ էր։

Պողոս Նուբարի պատմական նշանակությունն էլ նրա անվան կողքին դրված օտար տիտղոսով չի պայմանավորվում։ Նրա արժեքը նրա ազգային, քաղաքական, դիվանագիտական և բարեգործական գործունեության մեջ է։

Ուրեմն հարցն ավելի խորն է։

Ինչո՞ւ մենք մեր հերոսներին անվանում ենք այն բառով, որով նրանց կոչել է օտարը, այլ ոչ այն բառով, որով մենք ինքներս ենք գնահատում նրանց։

  Անշուշտ պատմական փաստը պետք է պահպանել, բայց հիմնախնդիրը ազգային լեզվամտածողությունը վերականգնելու մեջ է:

Կատարենք անհրաժեշտ սահմանազատում։ Եթե պատմական փաստաթղթում, 


ժամանակի մամուլում կամ պատմագիտական աշխատության մեջ գրված է «Պողոս Նուբար փաշա» և մենք ուզում են հավատարիմ մնալ պատմության շարադրմանը, ի՞նչ կարող ենք անել։ Որևէ տիտղոս տվյալ ժամանակաշրջանի պատմական իրականության մի մասն է։

Բայց պատմական փաստը պահպանելը չի նշանակում, որ մենք պարտավոր ենք այդ օտար տիտղոսը հավերժորեն տեղափոխել մեր ժամանակակից ազգային խոսքի մեջ։ Ուստի կարելի է կիրառել մի պարզ և ազնիվ սկզբունք.

Պողոս Նուբար փաշա (այսուհետ՝ իշխան Պողոս Նուբար)։

Այսպիսով մենք ոչինչ չենք թաքցնում, ոչինչ չենք կեղծում և ոչ մի պատմական փաստ չենք ջնջում։ Պարզապես ընթերցողին տեղեկացնում ենք, որ հետագա շարադրանքում տվյալ անձին անվանելու ենք մեր ազգային լեզվամտածողու-թյանը համապատասխան ձևով։ Նույն կերպ կարող ենք գրել.

Անդրանիկ փաշա (այսուհետ՝ զորավար Անդրանիկ Օզանյան)։


Այստեղ տեղի է ունենում մի շատ կարևոր բան․ պատմական աղբյուրի լեզուն և մեր ազգային խոսքի լեզուն իրարից տարբերակվում են։

Եվ սա ոչ թե պատմության խեղաթյուրում է, այլ գիտակցված լեզվական դիրքորոշում։

  Օտարի տիտղոսը չպետք է դառնա մեր մեծությունների համար չափանիշ:

Դարեր շարունակ հայ ժողովուրդը ստիպված է եղել ապրել իր Հայրենիքը նվաճած տարբեր կայսրությունների ու օտար պետական համակարգերի ազդեցության ներքո։

Այդ պայմաններում օտար բառերի ներթափանցումը պարտադրված երևույթ էր։

Բայց մի բան է՝ օտար բառը պատմականորեն ընդունել և օգտագործել, և բոլորովին այլ բան է՝ օտարի տված կոչումը ներքուստ ընկալել որպես սեփական մեծության վկայություն։

Երբ մենք ասում ենք՝ «նա փաշա էր», երբեմն նույնիսկ չենք մտածում, որ այդ բառով մենք ակամա ընդգծում ենք ոչ թե մեր ժողովրդի կողմից նրան տրված գնահատականը, այլ այն օտար պետական համակարգը, որի կողմից այդ կոչումը տրվել էր։

  Ասել ենք Գայլ Վահան և ոչ թե պարսկերեն  գորգ (گرگ, gorg)։
 Իսկ ինչո՞ւ չասել.

Պողոս Նուբար՝ իշխան և ազգային գործիչ։

Անդրանիկ Օզանյան՝ զորավար և ազգային առաջնորդ։  

Այդ դեպքում մեր ուշադրության կենտրոնում հայտնվում է ոչ թե այն, թե ինչ կոչում էր նրան տվել օտարը, այլ այն, թե ինչ ծառայություն էր նա մատուցել իր հարազատ ժողովրդին։

   Ազգային լեզուն ազգային արժանապատվության առաջին դպրոցն է:

Ժողովուրդը, որը ցանկանում է լինել քաղաքականապես անկախ , պետք է ձգտի նաև անկախ մտածողության։ 
Անկախ մարդը չի հրաժարվում օտար լեզուներից։ Անկախ ժողովուրդը չի ատում օտար մշակույթը։ Ազգային ինքնագիտակցությունը օտարի մշակութային գոհարները մերժելը չէ։

 Ազգային ինքնագիտակցությունը սեփականը օտարի չափանիշով չգնահատելն է։

Մենք կարող ենք հարգել  Բյուզանդական, պարսկական,թուրքական,ռուսական,  եվրոպական  և այլ մշակույթների պատմական ժառանգությունը, բայց մեր ազգային գործիչների արժանիքը գնահատելիս պարտավոր չենք շարունակել ապրել օտար կայսրությունների լեզվական համակարգերի մեջ։   

  Շուրջ տասնհինգ հազար տարվա պատմություն ունեցող հայոց լեզուն շատ  հարուստ է։ Մենք ունենք՝ իշխան, սեպուհ, զորավար, զորապետ, առաջ-նորդ, իշխանապետ և բազմաթիվ այլ բառեր։ Յուրաքանչյուրն իր պատմական ու իմաստային նրբությունն ունի, և պետք է ընտրել այն բառը, որը տվյալ անձի իրական դերին է համապատասխանում։

Այսինքն՝ նպատակը «փաշա» բառը պարզապես փոխարինելը չէ։

Նպատակը մեր բառով մեր հասարակական և զինվորակն գործիչներին ճանաչելն է։

  Ազգային վերածնունդը միշտ չէ, որ սկսվում է մեծ քաղաքական հայտարարություններից։ Երբեմն այն սկսվում է մեկ բառից։

Երբ պատմական աղբյուրը պահանջում է, ասում ենք՝ Պողոս Նուբար փաշա։

Բայց մեր սեփական շարադրանքում անհրաժեշտ ասել՝ իշխան Պողոս Նուբար։ Պատմական փաստը մնում է։ Բայց մեր բարձրացված ձայնը հարգվում է օտարների կողմից ։

Երբ աղբյուրը  նշում է  Անդրանիկ փաշա, ապա  մեր ազգային խոսքում կարող ենք ասել՝ զորավար Անդրանիկ Օզանյան։

Որովհետև մենք այլևս չենք ցանկանում մեր հերոսի մեծությունը ներկայացնել այն կոչումով, որը նրան տվել էր օտար, հայերին ցեղասպանած իշխանությունը։

Մենք ցանկանում ենք նրան ներկայացնել այն արժանիքով, որը նա վաստակել էր հայ ժողովրդի առաջ։

  Վերադառնա՛նք մեր ազգային ակունքներին:

Այսօր, երբ խոսում ենք ազգային ինքնության պահպանման, պետականության ամրապնդման և ազգային արժանապատվության մասին, պետք է հասկանանք, որ այդ ամենը սկսվում է նախ և առաջ մեր լեզվից։

  Մեր նախնիները օտարների կողմից իրենց տրված անուններով չեն ստեղծել իրենց քաղաքակրթությունը։ Նրանք ստեղծել են իրենց սեփական բառերով, սեփական մտածողությամբ, սեփական արժեքներով։

   Ուստի եկե՛ք վերադառնանք մեր ազգային ակունքներին։

Ոչ թե ատելով օտարին։ Ոչ թե ջնջելով պատմությունը։ Ոչ թե կեղծելով անցյալը։

Այլ՝ վերագտնելով ինքներս մեզ։ Թող պատմական փաստաթղթերում մնա այն, ինչ եղել է։                                                         Բայց թող մեր սեփական խոսքում մեր հերոսների մեծությունը որոշի ոչ թե օտարի տված տիտղոսը, այլ նրանց ծառայությունը Հայրենիքին։

Որովհետև ինքնիշխան ժողովուրդն ինքն է որոշում իր քաղաքական ճակատագիրը և ինքն է ընտրում այն բառերը, որոնցով անվանում է իր պատմությունը, իր հերոսներին և ինքն իրեն։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Նռան տոնի ժամանակակից ծիսական դրսևորումները

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է

Արկադի Տեր Թադևոսյանի (Կոմանդոսի) մարգարեությունը