Դպրոցը պետք է սերունդ դաստիարակի, ոչ թե պարզապես շրջանավարտ թողարկի


 Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող փոփոխությունները ներկայացվում են որպես կրթության որակի բարձրացման, ժամանակակից գիտելիքի փոխանցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթաց։ Սակայն ցանկացած կրթական բարեփոխման մասին խոսելուց առաջ պետք է պատասխանել մեկ հիմնարար հարցի՝ ի՞նչ մարդ և ի՞նչ քաղաքացի ենք ցանկանում ձևավորել մեր դպրոցում։

Եթե այդ հարցի պատասխանը հստակ չէ, ապա նույնիսկ ամենաժամանակակից դասագրքերը, չափորոշիչները և մեթոդաբանությունները կարող են վերածվել  կրթական համակարգի արտաքին և աննպատակ փոփոխության։

Այս հարցն առավել ակնհայտ է դառնում  Հայոց պատմության ուսուցման օրինակում։

  5-րդ և 6-րդ դասարաններում ի՞նչ եղավ Հայոց պատմությանը

Այսօր գործող հանրակրթական ծրագրում «Հայաստանի պատմություն» առանձին առարկան սկսվում է 7-րդ դասարանից։ 5-րդ դասարանում երեխան սովորում է «Իմ հայրենիքը», իսկ 6-րդում՝ «Իմ հայրենիքն ու աշխարհը»։

Այսինքն՝ 10-12 տարեկան հայ երեխան, որը գտնվում է իր ինքնության և աշխարհընկալման ձևավորման կարևորագույն փուլերից մեկում, Հայոց պատմությունը որպես առանձին և համակարգված առարկա չի ուսումնասիրում։

  Սա սոսկ դասագրքի անվան կամ առարկայի վերնագրի փոփոխություն չէ։

Հարցն այն է, թե ինչ բովանդակությամբ ենք այդ տարիքում ձևավորում երեխայի պատկերացումը իր Հայրենիքի մասին։

Հայ ժողովրդի պատմությունը չի կարելի փոխարինել ընդհանրական հայրենագիտությամբ, եթե այդ հայրենագիտության հիմքում չկա սեփական ժողովրդի պատմական զարգացման ամբողջական շղթան։

Երեխան պետք է իմանա ոչ միայն, որ Պատմական Հայաստանն իր Հայրենիքն է։ Նա պետք է հասկանա՝ ինչու է՞ Հայաստանն իրՀայրենիքը։

Այդ պատասխանը հնարավոր չէ տալ առանց պատմության։

Որտեղի՞ց է եկել իր ժողովուրդը։ Ի՞նչ պետություններ է ստեղծել։ Որտե՞ղ են եղել նրա քաղաքները։Ի՞նչ է ստեղծել հայ ճարտարապետը, քանդակագործը, նկարիչը, գիտնականը։Ովքե՞ր են պաշտպանել մեր Հայրենիքը։ Որո՞նք են եղել նրա վերելքի և անկման պատճառները։ Ինչպե՞ս է ժողովուրդը վերականգնել պետականությունը տարբեր դարաշրջաններում։

Այս հարցերը պարզունակ պատմական տեղեկություններ չեն։ Դրանք ազգային ինքնագիտակցության կառուցման նյութն են։

Հայրենասիրությունը չի սկսվում հայրենասիրական կոչից

Երբեմն կարծվում է, թե երեխայի մեջ հայրենասիրություն կարելի է ձևավորել Հայրենիքի, դրոշի, հերոսների կամ ազգային արժեքների մասին խոսելով։

Սակայն հայրենասիրությունը, եթե այն պետք է լինի գիտակցված և ոչ թե պահի զգացմունքային արձագանք, պահանջում է գիտելիք։

Մարդը դժվար թէ գիտակցված սիրի այն, ինչը չի ճանաչում։

Եվ այստեղ դպրոցն ունի առանձնահատուկ պատասխանատվություն։

 Ընտանիքը կարող է երեխային պատմել իր պապերի մասին։ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես Առաքյալներ գործի շարունակող, պարտավոր է փոխանցել հոգևոր արժեքներ։
Մշակութային հաստատությունները կարող են ծանոթացնել արվեստին։
Բայց հենց դպրոցն է, որ այդ ամենը պետք է միավորի համակարգված գիտելիքի մեջ։

Ուստի խնդիրը միայն այն չէ, թե 5-րդ կամ 6-րդ դասարանի տվյալ դասագիրքը լավն է, թե վատը։

 Ավելի խորքային խնդիրն այն է, որ Հայոց պատմության համակարգված ուսուցումը այդ տարիքից դուրս է մղվել առանձին առարկայի կարգավի-ճակից։

 Եթե տվյալ դասագրքի վերաբերյալ ուսուցիչների դժգոհությունները հանգեցնեն դրա փոփոխությանը կամ գործածությունից հանելուն, բայց դրա փոխարեն Հայոց պատմությունը չվերադարձվի՝ մենք պարզապես փոխած կլինենք գրքի կազմը։ Խնդրի էությունը կմնա։

Հայոց պատմությունը երեխային պետք չէ սկսել ծանրաբեռնել տարեթվերի, թագավորների և պատերազմների երկար ցուցակով։

4-րդ դասարանից պետք է սկսել «Զրույցներ հայ ժողովրդի պատմության մասին» առարկան։

Այստեղ պատմությունը պետք է լինի կենդանի պատմություն։

Երեխան պետք է լսի ու կարդա իր ժողովրդի մասին՝ Հայկական լեռնաշխարհի,

հին հայկական պետությունների, Հայկի և հին ավանդությունների, Արտաշեսի և Տիգրան Մեծի, Արշակունիների, Գրիգոր Նարեկացու, Անիի, հայկական միջնադարյան քաղաքների, մեր ճարտարապետների, մանրանկարիչների,
գիտնականների և զորավարների մասին։

Այդ տարիքում մենք երեխային չպետք է ստիպենք զուտս հիշել պատմու-թյունը։

Պետք է նրան օգնենք սիրել պատմությունը։

5-7-րդ դասարաններում՝ ոչ թե միայն պատերազմների պատմություն

Հաջորդ երեք տարիներին Հայոց պատմությունը կարելի է կառուցել ոչ թե դասական ժամանակագրական ծանր սխեմայով, այլ հայկական քաղաքակրթության հիմնական ձեռքբերումների շուրջ։

5-րդ դասարան՝ Հայոց հերոսական պատմություն։

Արքաներ, զորավարներ, ճակատամարտեր, ազգային պայքար, պետականության պաշտպանություն և վերականգնում։

6-րդ դասարան՝ Հայկական քաղաքակրթություն։

Էրեբունի, Արմավիր, Արտաշատ, Դվին, Անի և հայկական մյուս քաղաքները։ Քաղաքաշինություն, ամրոցներ, ճանապարհներ, ջրային համակարգեր, շինարարական մշակույթ։

7-րդ դասարան՝ Հայկական արվեստ, գիտություն և մշակույթ։

Ճարտարապետություն, խաչքար, քանդակագործություն, մանրանկարչություն, կերպարվեստ, երաժշտություն, գրականություն, գիտություն և կրթություն։

Այս մոտեցմամբ երեխան Հայոց պատմությունը չի ընկալում միայն որպես պատերազմների և կորուստների պատմություն։

Նա տեսնում է նաև ստեղծող Հայաստանը։

Եվ դա չափազանց կարևոր է։

Ժողովուրդը, որը իր պատմության մեջ տեսնում է միայն իր կրած աղետները, կարող է ձևավորել պարտվածի հոգեբանություն։

Իսկ ժողովուրդը, որը ճանաչում է նաև իր ստեղծած քաղաքները, մշակույթը, գիտությունը, արվեստը և պետական կառույցները, իր պատմությունը սկսում է ընկալել որպես ստեղծագործական ժառանգություն, որի շարունակողն ինքն է։

Դպրոցը չպետք է երեխային պահի դպրոցում միայն տարիքը լրացնելու համար

Սակայն Հայոց պատմության խնդիրը մեր կրթական համակարգի ավելի մեծ խնդրի միայն մի մասն է։

Մենք պետք է վերանայենք նաև այն հարցը, թե որքան ժամանակ և ինչ նպատակով պետք է երեխան մնա հանրակրթական դպրոցում։

Այսօր ընդունված է 12-ամյա դպրոցական կրթությունը ընկալել գրեթե որպես ինքնըստինքյան ճիշտ կառուցվածք։ Բայց կրթության տարիների քանակը ինքնանպատակ չէ։

Հարցն այն է՝ այդ տարիներից յուրաքանչյուրն ի՞նչ է տալիս երեխային։

Եթե մինչև 17-18 տարեկանը երեխան հիմնականում շարունակում է սովորել նույն տիպի հանրակրթական առարկաներ, իսկ մասնագիտական կողմնորոշումը և իրական աշխատանքային փորձը հետաձգվում են, ապա մենք կարող ենք ունենալ բազմաթիվ վկայականներով երիտասարդներ, որոնք դեռևս չգիտեն՝ ինչ են ուզում անել և ինչ կարող են անել։

Դրա փոխարեն կարելի է առաջարկել այլ կառուցվածք։

7 + 1 + 3

Առաջին 7 տարին՝ հիմնարար դպրոց։

Երեխան ստանում է ամուր կրթական հիմք՝ հայերեն, մաթեմատիկա, բնագիտություն, պատմություն, մշակույթ, արվեստ, ֆիզիկական կրթություն և քաղաքացիական գիտելիքներ։

8-րդ դասարանը՝ մասնագիտական կողմնորոշման տարի։

Երեխան ծանոթանում է տարբեր մասնագիտությունների, աշխատում է գործնական միջավայրերում, փորձում է իր ուժերը տեխնիկական, հումանիտար, արվեստի, արհեստի, գյուղատնտեսական և այլ ուղղություններում։

Այստեղ նա դեռ չի փակվում մեկ մասնագիտության մեջ։

Նա ճանաչում է իրեն։

Այնուհետև՝ մասնագիտացված կրթություն։

Ոմանք կարող են շարունակել ակադեմիական ուղղությամբ, մյուսները՝ քոլեջներում, տեխնիկական, արվեստի կամ արհեստի դպրոցներում։

Այսպիսով՝ կրթական համակարգը երեխային ոչ թե մեկ ընդհանուր ճանապարհով մինչև չափահասություն է տանում, այլ նրան աստիճանաբար փոխանցում է կյանքի և մասնագիտության ընտրության պատասխանատվությունը։

Այստեղ մեզ համար հետաքրքիր է Ճապոնիայի փորձը

Ճապոնական համակարգը մեզ համար կարող է օգտակար լինել ոչ թե այն պատճառով, որ պետք է պատճենենք Ճապոնիան, այլ որովհետև այնտեղ կրթությունը վաղ տարիքից կապվում է գիտելիքի, հասարակության, մշակույթի և հետագա մասնագիտական ընտրության հետ։

Ճապոնիան ունի 6-ամյա տարրական և 3-ամյա ստորին միջնակարգ դպրոց, այսինքն՝ 9-ամյա պարտադիր կրթություն, որից հետո սովորողների մեծ մասը շարունակում է երեքամյա ավագ դպրոցում։ Միաժամանակ գոյություն ունեն նաև տարբեր մասնագիտական ուղղվածությամբ ավագ դպրոցներ։

Այս փորձը մեզ ցույց է տալիս մի կարևոր բան.

կրթական համակարգը կարող է ունենալ ընդհանուր հիմնարար փուլ, որից հետո երիտասարդին առաջարկվում են տարբեր կրթական և մասնագիտական ուղիներ։

Հայաստանը կարող է իր պայմաններին համապատասխան ստեղծել սեփական մոդելը՝ առանց որևէ երկրի համակարգը մեխանիկորեն կրկնելու։

Մեր խնդիրը պարզապես «ավելի լավ դպրոց» ունենալը չէ

Մենք պետք է վերջապես պատասխանենք մի ավելի մեծ հարցի։

Ի՞նչ սերունդ է պետք Հայաստանին։

Միայն քննությունները հաջող հանձնող սերո՞ւնդ։

Միայն համալսարան ընդունվող սերո՞ւնդ։

Միայն օտար լեզուներ իմացող սերո՞ւնդ։

Թե՞ պատմությունը ճանաչող, սեփական մշակույթը գնահատող, արհեստ ու մասնագիտություն ունեցող, ստեղծագործող, աշխատող և իր երկրի ապագայի նկատմամբ պատասխանատվություն զգացող սերունդ։

Եթե մեր պատասխանը վերջինն է, ապա կրթական բարեփոխումը պետք է սկսվի ոչ թե նոր դասագրքի ստեղծումից, այլ դպրոցի առաքելության վերաիմաստավորումից։

Հայ երեխան պետք է դպրոցից դուրս գա ոչ միայն գիտելիքով, այլև ինքնության գիտակցումով։

Նա պետք է իմանա՝ ովքեր էին իր նախնիները, ինչ են նրանք ստեղծել, ինչի համար են պայքարել, ինչ սխալներ են գործել, ինչ հաջողություններ են ունեցել և ինչ ժառանգություն են թողել իրեն։

Եվ դրանից հետո միայն մենք կարող ենք նրանից պահանջել պատասխանել ամենակարևոր հարցին.

«Իսկ դու ի՞նչ ես պատրաստվում ստեղծել»։

Որովհետև դպրոցի վերջնական նպատակը պարզապես շրջանավարտ թողարկելը չէ։

Դպրոցի նպատակը սերունդ ձևավորելն է։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է