Ապագայի ճանապարհին՝ անցյալի գերության մեջ

 Արդեն տևական ժամանակ է, ինչ հայ հանրային և քաղաքական դաշտը հյուծվում է մի անպտուղ ու կործանարար հակամարտության մեջ։ «Հներ ու Նորեր», «Սևեր ու Սպիտակներ».«Ղարաբաղցիներ ու Հայաստանցիներ»,  «Գյումրեցիներ ու Երևանցիներ»  արհեստական եզրույթները, որոնք տարիներ շարունակ ներարկվել են մեր հասարակության գիտակցության մեջ, վերածվել են հոգեբանական պատնեշների։ Մինչ մենք սպառում ենք մեր ազգային էներգիան, մեր մարդկային ու մտավոր ներուժը ներքին վրեժխնդրության, պառակտման և անցյալի հաշիվները մաքրելու վրա, աշխարհը, և հատկապես մեր տարածաշրջանի պետությունները, շարժվում է կայծակնային արագությամբ։
  Մինչ մենք վիճում ենք, թե ո՞վ է «ավելի հայրենասեր» կամ «ո՞վ է մեղավոր», մեր հարևանները գծում են ապագայի քարտեզները։
Օրերս  Բաքվում մեկնարկեց մի իրադարձություն, որը պետք է սթափության լուրջ ազդակ լինի մեզ համար։ Թյուրքական պետությունների ֆինտեխ-դաշինքի (TÜRKFİN) նախաձեռնությամբ անցկացվեց «Բաքվի ֆինտեխ սեկտորի առևտրային պատվիրակության ծրագիրը»։ Այս հարթակում թյուրքական աշխարհի առաջատար ֆինանսական կառույցները, ներդրողներն ու տեխնոլոգիական ընկերությունները հավաքվել են քննարկելու ոչ թե անցյալի վերքերը, այլ թվային վճարումների ապագան, նոր սերնդի տրենդներն ու տարածաշրջանային տնտեսական էքսպանսիան։ Նրանք միավո-րում են կապիտալն ու տեխնոլոգիաները՝ հանուն ընդհանուր աշխարհաքաղաքական և տնտեսական շահի։                            
   Սա բացառապես գործնական, սառնասիրտ և հեռատես հաշվարկ է, որից մենք պարտավոր ենք օրինակ վերցնել։ Թյուրքական աշխարհը ցույց է տալիս, թե ինչպես է պետք ձևավորել համազգային հիմնախնդիրների լուծման օրակարգ։ Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մենք շարունակում ենք մնալ ներքաղաքական բանավեճերի ճահճում՝ թույլ տալով, որ գունային բաժանումները կուրացնեն մեզ։
Աշխարհասփյուռ հայությանը անհրաժեշտ է ողջախոհության և սթափության համազգային կոչ։ Մենք պետք է վերջնականապես և անդառնալիորեն հրաժարվենք հասարակությունը պառակտող բոլոր պիտակներից և ջնջենք մեզ ներսից ու դրսից բաժանող սահմանագծերը։ «Սև ու սպիտակի» էջը պետք է փակվի հենց այսօր, քանի որ դա մի շռայլություն է, որը մեզ կանգնեցրել է գոյաբանական աղետի առաջ։
Մեր նոր բանաձևը պետք է լինի արժանապետությունը և ռազմավարական նպատակասլացությունը։ Մարդուն, մասնագետին, քաղաքացուն պետք է գնահատել ոչ թե ըստ նրա քաղաքական հայացքների կամ անցյալի պատկանելության, այլ ըստ այն իրական օգուտի, որ նա կարող է բերել հայկական պետականության հզորացմանը։
Ժամանակն է անցնելու գործնական, մեծածավալ նախագծերի։ Մենք կոչ ենք անում աշխարհասփյուռ հայության գործարար հատվածին՝ մեկտեղել իրենց կապիտալը, կապերն ու հնարավորությունները և ուղղել դրանք կոնկրետ ռազմավարական նպատակների։ Մասնավորապես՝ դառնալու Պարսից ծոցը Մեղրի-Ջիլիզա-Փոթի գծով կապելու աշխարհաքաղաքական և տնտեսական խոշորագույն ծրագրի հիմնական դերակատարն ու շարժիչ ուժը։ Սա միայն ճանապարհ չէ, սա հայության տնտեսական ողնաշարն ու անվտանգության նոր երաշխիքն է տարածաշրջանում։
 Տնտեսական հզորացմանը զուգահեռ՝ մենք պարտավոր ենք կերտել վաղվա քաղաքացուն և մտավորականին։ Աշխարհասփյուռ հայության ներուժը պետք է ներդրվի Նոր՝ Ազգային Դպրոցի ստեղծման հեռանկարային ծրագրում, որը կդառնա կրթական, գիտական և արժեքային այն դարբնոցը, որտեղ կձևավորվի ապագայի հայ հասարակությունը՝ զերծ պառակտումից, պատրաստակամ՝ դիմագրավելու ցանկացած մարտահրավերի։
Եթե ցանկանում ենք հարատևել, ապա աշխարհասփյուռ հայությունը պետք է ձևավորի սեփական ռազմավարական դաշինքները՝ տեխնոլոգիաների, անվտանգության, կրթության և ֆինանսների ոլորտներում։ Մենք պետք է դադարենք լինել պատմության սպառողն ու զոհը. ժամանակն է դառնալու մեր սեփական ապագայի կերտողը։
Ողջախոհությունը հուշում է՝ կա՛մ մենք կմիավորվենք ընդհանուր հայտարարի և այսպիսի մեծ նախագծերի շուրջ, կա՛մ պատմության անդաստաններում կզիջենք նրանց, ովքեր գիտեն միավորվելու և առաջ շարժվելու գինը։
           Ընտրությունը մերն է, և ժամանակը չի սպասում։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է