Լուսինյանները և Կիլիկիայի կորստյան ողբերգությունը
1342 թվականին Զապելի կրտսեր որդի Գվիդոն Լուսինյանը հայկական ծեսով օծվեց Կիլիկիայի Հայոց թագավոր և պատմության մեջ մտավ Կոստանդին Գ անունով։ Սակայն նրա գահակալությամբ Կիլիկիայում ոչ թե խաղաղություն ու ամրություն հաստատվեց, այլ բացվեց ներքին պառակտումների, դավանաբանական բախումների և ազգային ճգնաժամի մի նոր, մռայլ էջ։
Կոստանդին Գ-ն, լինելով ունիթորների (կաթոլիկության միավորման կողմնակիցների) գլխավոր հենարանը, իր իշխանությունը ծառայեցրեց ոչ թե հայ պետականության զորացմանը, այլ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված պայքարին։ Նրա վարած քաղաքականության խորքում թաքնված չէր նույնիսկ նպատակը. հայ ժողովրդին կաթոլիկացնելու մղումը բացահայտ էր և համառ։ Նրան աջակցում էին հայ ինքնությունից հեռացած առևտրականները, Կիլիկիայում հաստատված լատինական շրջանակները, իրենց կոչումից ու առաքելությունից շեղված որոշ բարձրաստիճան հոգևորականներ, ինչպես նաև Լուսինյան արքունիքը, որն էլ ավելի էր օտարանում հայ ժողովրդի ցավերից ու ճակատագրից։ Այս ամենը հանգեցրեց նրան, որ մայրաքաղաք Սիսում արյունալի բախումներ սկսվեցին հայ բնակչության և թագավորի բերած ֆրանսիացի պալատականների միջև։
Այս իրավիճակը Կիլիկիայի համար ստեղծեց կործանարար դրություն։ Ներքին պառակտումը թուլացրեց երկիրը, իսկ արքունիքի անհեռատես քաղաքականությունը նրա դեմ դուրս բերեց հզոր Եգիպտական մամլյուքյան սուլթանությանը։ Երբ պետության ներսում սրվում է եղբայրասպան պայքարը, դրսի թշնամին այլևս երկար սպասելու կարիք չի ունենում։ 1344 թվականին հակաունիթորների առաջնորդ, ազգանվեր իշխան Օշին Բակուրանի գլխավորությամբ հայ իշխանները դավադրություն կազմակերպեցին, ներխուժեցին Ադանայի պալատ և սպանեցին Կոստանդին Գ-ին, որի քաղաքականությունը երկիրը հասցրել էր կործանման եզրին։ Նրա հետ միասին սրի քաշվեցին նաև հայոց արքունիքը զավթած ֆրանսիական ասպետները։ Թվում էր՝ սա կարող էր դառնալ ազգային վերածննդի շրջադարձային պահը, երբ իշխանությունը կվերադառնար պետականության ու ժողովրդի շահին ծառայող ձեռքերի մեջ։
Սակայն հաջորդ տասնամյակները ևս անցան մամլյուքների դեմ ծանրագույն կռիվների և ներքին երկպառակությունների մեջ, մինչև որ 1374 թվականին գահ բարձրացավ Լուսինյանների վերջին շառավիղը՝ Լևոն Զ-ն։
Այս վերջին գահակալը ևս չկարողացավ ու չհասցրեց մեղմել արդեն ծայրահեղ սրված հարաբերությունները Եգիպտոսի հետ։ Որդեգրելով բացահայտ լատինամետ կողմնորոշում և հույսը դնելով Հռոմի պապի ու արևմտյան անպտուղ խոստումների վրա՝ նա միայն արագացրեց վերահաս աղետը՝ հրահրելով մամլյուքների վերջնական հարձակումը։
1375 թվականին Եգիպտոսի սուլթանության զորքերը, ծանր կորուստների գնով և համառ դիմադրություն կոտրելով, վերջապես գրավեցին մայրաքաղաք Սիսը։ Հայրենասեր հայ զինվորականները մինչև վերջ կռվեցին միջնաբերդում՝ փորձելով պահել այն, ինչ դեռ հնարավոր էր փրկել, սակայն ուժերն անհավասար էին։ Լևոն Զ թագավորը հանձնվեց և գերի ընկավ՝ չընտրելով մահը գերությունից վեր դասելու ճանապարհը։ Ավելի ուշ նա ազատ արձակվեց Կաստիլիայի թագավորի միջնորդությամբ և իր կյանքի վերջին տարիներն անցկացրեց Եվրոպայում՝ անպտուղ արկածախնդրությունների մեջ։ Նա մահացավ Փարիզում (1393թ․) և թաղվեց Ֆրանսիայի թագավորների հանգստարանում՝ Սեն Դենի բազիլիկում․ մի վայրում, որն այդպես էլ օտար մնաց հայկական հողին, ինչպես օտար էր հենց ինքը՝ արքան։ Կիլիկիայի հայկական թագավորությունը կործանված էր։ Սակայն նույնիսկ դրանից հետո Լուսինյանների պատմական վարքագիծը չդադարեց մնալ խորթ ու վիրավորական հայ ազգային հիշողության համար։ Կիպրոսի Լուսինյան կառավարիչները շարունակեցին կրել «Կիլիկիայի Հայոց թագավորի» տիտղոսը՝ արդեն առանց հայրենիքի, առանց պատասխանատվության, առանց իրական կապի այդ պետականության ցավալի ժառանգության հետ։ Իսկ վերջում, արժանապատվությունից զուրկ այդ վերջին ներկայացուցիչները, ըստ պատմական գնահատականների, անգամ վաճառեցին Հայոց թագավորի տիտղոսը Սավոյների իտալական արքայատանը՝ ազգային ողբերգությունը վերածելով դատարկ ժառանգական առևտրի։
Այս պատմությունը միայն անցյալի մասին չէ։ Սա նաև լռեցված հիշողության, խեղաթյուրված պատմության և մեր ընթերցողից երբեմն թաքցվող ծանր ճշմարտությունների մասին է։ Եվ որքան էլ փորձեն այս էջերը ծածկել հարմարավետ լռությամբ, իրականությունը մնում է նույնը՝ Կիլիկիայի անկման պատմության մեջ կային ոչ միայն արտաքին թշնամիներ, այլև ներքին կուրություն, օտարահպատակություն և ազգային շահի ողբերգական դավաճանում։







Комментарии
Отправить комментарий