Միտքը՝սերմ է, լռությունը՝ ուժ

 

  
Մեր ժամանակներում շատ արագ տարածվում են այնպիսի մտքեր, որոնք խոստանում են մարդուն մեկ պարզ գաղտնիք բացել.
-Եթե ճիշտ մտածես, կյանքդ կփոխվի։
  Առաջին հայացքից այս միտքը կարող է թվալ կամ չափազանց միամիտ, կամ չափազանց հրապուրիչ։ Մի մասն այն ընդունում է գրեթե որպես նոր հավատ, մյուս մասը՝ մերժում իբրև դատարկ հոգեբանական մխիթարություն։ Բայց եթե մի պահ հեռանանք նորաձև ձևակերպում-ներից և հարցին նայենք ավելի խոր, ապա կտեսնենք, որ այս գաղափարի մեջ կա մի հին ու լուրջ ճշմարտություն, որն ամենևին էլ միայն «քվանտային տեսաբանների» սեփականությունը չեն։

Մարդկային միտքը երբեք  անցնող ստվեր չի եղել։ Այն եղել է ներքին կյանքի շինանյութը։ Ինչ մարդը երկար ժամանակ մտածում է, այն քիչ-քիչ դառնում է նրա ներքին եղանակը, հետո՝ նրա վարքը, հետո՝ նրա ճակատագրի ոճը։ Այս իմաստով այն միտքը, թե «ինչի մասին մտածում ես, այն էլ տեղի է ունենում», եթե մաքրենք հեքիաթային կախարդությունների չափազանցությունից, ստանում է հասկանալի և խոր իմաստ. միտքը անմիջապես աշխարհը չի փոխում, բայց որպես կանոն փոխում է մարդուն, իսկ մարդն արդեն իր հերթին այլ կերպ է տեսնում, ընտրում, դիմանում, գործում։

  Այսօր շրջանառվող «Բիբլիայի» հայտնի մտքերից մեկն ասում է, թե միտքը սերմ է։ Այս պարզ արտահայտությունը  գրեթե մի ամբողջ հոգևոր մարդաբանություն է իր մեջ կրում։ Սերմը փոքր է, անտեսանելի, երբեմն գրեթե աննշան։ Բայց հենց նրա մեջ է ապագա բույսի կերպարանքը։ Նույնն էլ միտքն է։ Մարդը մեկ օրում չի դառնում անհանգիստ, հուսահատ, նախանձոտ կամ ընդհակառակը՝ հաստատուն, խաղաղ, վստահ։ Նա նախ իր ներսում սերմանում է այդ վիճակների լեզուն, կրկնում է այն, սնուցում է այն, և հետո միայն տեսնում դրա պտուղը։

Այս կետում «Քվանտային ֆիզիկայի»  բանաձևերը  անսպասելիորեն մոտենում են մեր միջնադարյան մտքի որոշ խոր շերտերի։ Գրիգոր Նարեկացին, երբ խոսում է մարդու ներաշխարհի մասին, այն պատկերացնում է որպես մի խոր, խռովահույզ, բայց նաև վերափոխման ենթակա տարածք։ Նրա ամբողջ աղոթքի խոսքը կառուցված է այն գիտակցության վրա, որ մարդու ներսում ծագող միտքըաննշան բան չէ։ Այն կամ խավար է կուտակում, կամ լուսավորում է հոգին։ Նարեկացու աշխարհում մարդը նախ իր ներսում է կռվում, և միայն հետո՝ աշխարհի հետ։ Ըստ նրա գաղափարների, մարդու թե փրկությունը, և թե անկումը  սկսվում են ներքին խոսքից։

Դավիթ Անհաղթի մտածողության մեջ էլ բանականությունը մարդու

բարձրագույն կարողություններից է, որով նա տարբերում է ճշմարիտը կեղծից, կայունը անցողիկից, էականը պատահականից։
   Եթե այսօրվա լեզվով փորձենք վերաշարադրել այս մտքերը, ապա կարելի է ասել՝
միտքն ուղղակի պատկերներ արտադրող մեքենա չէ, այլ կյանքը կարգավորող սկզբունք։ Երբ մարդու բանական կյանքը խեղվում է, նրա աշխարհն էլ է խեղվում։ Երբ մարդու դատողությունը մաքրվում է, նրա կյանքում ևս որոշակի կարգ է հայտնվում։ Այսպիսով, այն միտքը, թե ներքին վիճակն ազդում է կյանքի ընթացքի վրա, մեր մտքի պատմության մեջ ամենևին էլ օտար գաղափար չէ։

 Գրիգոր Տաթևացին,  մարդու հոգևոր աշխատանքի մեջ մեծ տեղ է տալիս զգոնությանը, ինքնահսկողությանը, ներսի շարժումների նկատմամբ ուշադրությանը։ Ըստ նրա , մարդու ներսում ծագող միտքը բարոյապես չեզոք մանրուք չէ։ Այն ուղղություն է տալիս մարդուն։ Մարդը նախ ներսում է ընդունում կամ մերժում մի բան, և հետո միայն դա երևում է արտաքին կյանքում։ Եթե ներսում բույն դնի տագնապը, այն վաղ թե ուշ լեզու կդառնա, վարք կդառնա, հարաբերություն կդառնա։ Եթե ներսում աճի խոհեմությունը, համբերությունն ու հավատը, դրանք նույնպես անպայման իրենց ձևը կստանան արտաքին կյանքում։

 

 Այս ամենը մեզ բերում է մի կարևոր տարբերակման։ Ժամանակակից «քվանտային կարգախոսները» հաճախ հնչում են չափազանց կտրուկ՝ կարծես աշխարհն ամբողջությամբ ենթարկվում է մեր մտքերին։ Ասես բավական է ասել «կկարողանամ», և իրականությունն արդեն պարտավոր է բացել ճանապարհը։ Բայց հայկական դասական հոգևոր-փիլիսոփայական մտածողությունը ավելի զգույշ ու ավելի խորն է։ Այն չի ասում, թե մարդն իր մտքով կառավարում է ամբողջ տիեզերքը։ Այն ասում է մեկ այլ բան՝ մարդը պատասխանատու է իր ներաշխարհի մշակության համար, որովհետև այնտեղից են սկսվում նրա խոսքը, ընտրությունը, համբերությունը, մեղքը, առաքինությունը, ընկնելը և  բարձրանալը։

   Եթե այսօր ինչ-որ մեկը գրում է, թե «վախը խնդիրներ է բերում, վստահությունը՝ հնարավորություններ», դա կարելի է հասկանալ ոչ թե սնահավատորեն, այլ մարդկային փորձով։ Վախեցած մարդը նեղացնում է իր 

կյանքի շրջանակը։ Նա պակաս է փորձում, շուտ է նահանջում, արագ է հուսահատվում։ Իսկ վստահ մարդը, նույնիսկ երբ ամենակարող չէ, ավելի բաց է քայլի, աշխատանքի, դիմադրության, շփման, ռիսկի համար։ Այդ պատճառով նրա կյանքում իսկապես ավելի շատ հնարավորություններ են հայտնվում։ Ոչ թե որովհետև տիեզերքը կախարդական պարգև է տալիս, այլ որովհետև ներքին կեցվածքը փոխում է մարդու մասնակցությունը աշխարհին։

  Նույն կերպ կարելի է հասկանալ նաև այն միտքը, թե «աշխարհը համաձայն է քեզ հետ»։ Իրականում շխարհը հաճախ անտարբեր է, երբեմն՝ անարդար, երբեմն էլ՝ ողբերգական։ Բայց մարդու ներքին համոզմունքները հաճախ դառնում են այն ակնոցը, որով նա կարդում է իր փորձը։ Ով իր մեջ անդադար կրկնում է «չեմ կարող», նա շուտով իր շուրջ սկսում է տեսնել հենց անկարելիի ապացույցները։ Իսկ ով իր մեջ պահում է «կհաղթահարեմ», նա գտնում այն ուժը, որը սկզբում չուներ։

 

  Այստեղից էլ կարելի է հասկանալ հետևյալ միտքը՝ «քո լռությունը քո ուժն է»։ Սա նույնպես ունի խոր իմաստ։ Մարդու բոլոր նպատակները չեն սիրում աղմուկ։ Կան մտքեր, որ վաղաժամ արտասանվելուց թուլանում են։ Կան նպատակներ, որոնք շատ շուտ հրապարակվելուց դառնում են ոչ թե գործ, այլ ինքնագոհ հայտարարություն։ Լռությունը այս դեպքում ոչ թե գաղտնիք պահելու սնոտի սովորություն է, այլ ներքին հասունացման պայման։ Այն, ինչ դեռ պիտի արմատ գցի, միշտ չէ, որ պետք է անմիջապես ցուցադրվի աշխարհին։

Բայց այս բոլոր ճշմարտությունների կողքին հարկ է նաև զգուշացնել։ Երբ նման մտքերը ծայրահեղացվում են, դրանք դառնում են անողոք։ Եթե ասենք, թե մարդու կյանքում տեղի ունեցող ամեն բան իր մտքի արդյունքն է, ապա անարդարորեն նրա վրա կդնենք նաև այն բեռը, որի պատճառը նա չէ։ Հիվանդությունը միշտ չէ, որ վատ մտքի պտուղ է։ Աղքատությունը միշտ չէ, որ թերի հավատի հետևանք է։ Պատերազմը, կորուստը, անիրավությունը, քաղաքական ճնշումները չեն վերանում այն պատճառով, որ մարդը որոշել է «դրական մտածել»։ Այս կետում ավանդականմեր մտածողությունը կրկին ավելի հասուն է, քան ժամանակակից հեշտ կարգախոսները. այն և՛ պահանջում է ներքին աշխատանք, և՛ ընդունում է աշխարհի ողբերգական բարդությունը։

Ուրեմն , մարդն ամբողջովին իր մտքերի տերը չէ, բայց նաև ամբողջովին դրանց գերին չէ։ Նրա միտքը հող է, որի մեջ ինչ ցանվում է, մի օր ինչ-որ ձևով աճում է։ Եթե այնտեղ անընդհատ սերմանվում է վախ, աճում է տագնապոտ կյանք։ Եթե այնտեղ մշակվում է վստահություն, խոհեմություն, համբերություն, հավատ, մարդն աստիճանաբար այլ կերպ է ապրում իր օրերը։ Այս ճշմարտությունը
նորաձև չէ, նոր էլ չէ։ Այն պարզապես նոր լեզվով կրկնված հին իմաստություն է։

Եվ թերևս հենց այստեղ կարելի է լսել մի հեռավոր համաձայնություն Նարեկացու, Դավիթ Անհաղթի և Տաթևացու միջև։ Մարդու ներսը դատարկ տեղ չէ։ Այնտեղից է սկսվում  նրա բարձրացումը։ Հետևաբար, միտքը պետք է ոչ թե աստվածացնել, բայց նաև ոչ թե թերագնահատել։ Այն սերմ է։ Իսկ սերմի ճակատագիրը, ինչպես միշտ, կախված է թե՛ հողից, թե՛ մշակից, թե՛ եղանակից, և թե՛ այն համբերությունից, որով մարդը սպասում է իր ներքին այգու պտղին։

Комментарии

Популярные сообщения из этого блога

Հատտուշան (Boğazköy)՝ լռեցված վկայություն Հայկական լեռնաշխարհի քաղաքակրթական առաջնության մասին

Թող Հայաստանը լինի Լույսի Հայրենիք։

Արձախի հանձնաժողովըի հայտարարում է