ՇՈՒՇԻԻ ՀԱՅԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՆՈՒՐԲ ՃԱՇԱԿԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
19-րդ դարի և 20-րդ դարասկզբի Շուշին ոչ միայն հայկական կրթության, արհեստների, առևտրի և մշակույթի կենտրոն էր, այլև քաղաքային յուրահատուկ կենցաղի ու ճաշակի ձևավորման միջավայր։
Շուշեցի երիտասարդները մեծարում էին կովկասյան ջիգիթների կերպարը։ Նրանց ուշադրությունը գրավում էին հատկապես տղամարդկանց ավանդական հագուստը՝ չուխան, արծաթազարդ գազիրները, գեղեցիկ գոտին, դաշույնը և գլխարկը։ Այդ հագուստը պարզապես արտաքին զարդարանք չէր։ Այն արտահայտում էր արժանապատվություն, ինքնավստահություն, կեցվածք և սեփական ավանդույթների նկատմամբ հարգանք։
Արձախի հայ տղամարդու տարազը, պահպանելով տեղական առանձնահատ-կությունները, ընդգրկված էր արևելահայկական և համակովկասյան տարազային մշակույթի շրջանակում։ Շուշիում տղամարդու հագուստը կարում էին քաղաքի դերձակները։ Հատկանշական է, որ 19-րդ դարի վերջից Արձախի տղամարդկանց տարազը պատվիրում էին հենց Շուշիի, Ճարտարի և Մեծ Թաղերի դերձակներին։
Այսօր, երբ խոսում ենք ազգային ինքնության վերարժևորման և հայկական պետականության խորհրդանշական կերպարի մասին, արժե վերադառնալ նաև մեր նախնիների հագուստի մշակույթին։
Առաջարկ
Ինչո՞ւ հայկական պետականության ներկայացուցիչները պաշտոնական արարողությունների, մշակութային միջոցառումների և միջազգային որոշ հանդիպումների ժամանակ չկարողանան ներկայանալ հայկական ավանդական տարազի ժամանակակից, պետականորեն
մշակված տարբերակով։Պատկերացնենք՝ Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչը կամ դիվանագետը պաշտոնական մշակութային միջոցառմանը ներկայանում է մուգ կապույտ չուխայով՝ արծաթազարդ գազիրներով, ազգային գոտիով և հայկական տարազի մյուս համապատասխան տարրերով։
Սա կարող է դառնալ հայկական պետական ներկայացուցչական հագուստի առանձնահատուկ ձև՝ միավորելով պատմական ժառանգությունը, ազգային գեղագիտությունը և ժամանակակից պետական արարողակարգը։
Խոսքը ոչ թե առօրյա աշխատանքային հագուստը փոխարինելու, այլ պետական ներկայացուցչական մշակույթի նոր ուղղություն ձևավորելու մասին է։
Ժողովուրդներն իրենց պատմությունը պահպանում են ոչ միայն գրքերում ու թանգարաններում։ Նրանք այն կրում են նաև իրենց արտաքին տեսքով, խորհրդանիշներով և հանրային վարքագծով։
Շուշիի երիտասարդի կերպարը մեզ հիշեցնում է, որ ազգային արժանապատ-վությունը երբեմն արտահայտվում է նաև հագուստի, կեցվածքի և սեփական մշակույթը ներկայացնելու ձևի մեջ։
Գուցե ժամանակն է, որ հայկական պետականության ներկայացուցիչների արտաքին կերպարում ևս արժանի տեղ ունենա մեր պատմական տարազը։




Комментарии
Отправить комментарий