Հանդիպում հազարամյակների հետ Աղթալայի ամրոցում
Մայիսի 28-ը մեզ համար դարձավ փոքրիկ պատմական ճամփորդություն դեպի Հայաստանի Հանրապետության հյուսիս։ Տասնմեկ հոգանոց մեր արշավախումբը ճանապարհ ընկավ դեպի Լոռու մարզի գեղատեսիլ անկյուններից մեկը՝ Աղթալայի ամրոց։ Առաջին հայացքից թվում է, թե ամրոցը պարզապես բարձր ժայռի վրա կառուցված միջնադարյան կառույց է։ Սակայն երբ մոտենում ես, հասկանում ես, որ նրա գլխավոր պաշտպանները ոչ միայն պարիսպներն են եղել, այլև բնությունը։ Աղթալայի սարավանդը երեք կողմից շրջապատված է խոր կիրճերով և ուղղաձիգ քարափներով, որոնք դարեր շարունակ անառիկ պատնեշ են ծառայել պաշտպանների համար։ Միայն հյուսիսային կողմից էր հնարավոր մոտենալ ամրոցին, և հենց այնտեղ էլ կառուցվել են հզոր պարիսպներն ու բրգաձև աշտարակները։
Քայլելով
գլխավոր մուտքի ուղղությամբ՝ դժվար չէր պատկերացնել, թե ինչպիսի տպավորություն էր այս
ամրոցը թողնում միջնադարյան ճանապարհորդների և հնարավոր նվաճողների վրա։ Մուտքի երկու
կողմերում վեր խոյացող աշտարակները նույնիսկ այսօր իրենց կիսավեր վիճակում շարունակում
են վկայել ամրոցի հզոր պաշտպանների մասին։
Աղթալայի
պատմությունը ձգվում է դարերի խորքը։ Համարվում է, որ ամրոցը հիմնադրվել է շուրջ երկու
հազար տարի առաջ, իսկ X դարում այն վերակառուցվել է Կյուրիկյանների կողմից՝ դառնալով
Տաշիր-Ձորագետի թագավորության կարևոր հենակետերից մեկը։ Հետագայում այն անցել է Զաքարյան
իշխանական տան տիրապետության ներքո և շարունակել իր նշանակալի դերը Հայաստանի հյուսիսային
սահմանների պաշտպանության գործում։
Սակայն
Աղթալան միայն ռազմական կառույց չէ։ Ամրոցի ներսում գտնվում է նաև հայտնի Աղթալայի
Սուրբ Աստվածածին վանք-ը, որը հայկական միջնադարյան ճարտարապետության և որմնանկարչության
բացառիկ հուշարձաններից է։ Վանքի պատերին պահպանված գունազարդ որմնանկարները նույնիսկ
այսօր զարմացնում են այցելուներին իրենց մանրամասնությամբ և գեղարվեստական բարձր մակարդակով։
Աղթալայի
մասին հետաքրքիր փաստ է հիշատակում նաև ֆրանսիացի հնագետ և պատմաբան Ժակ դը Մորգանը,
որը XIX դարում այստեղ իրականացրել է պեղումներ։ Նրա ուսումնասիրությունները վկայում
են, որ այս տարածքը բնակեցված և օգտագործված է եղել շատ ավելի վաղ ժամանակներից, քան
միջնադարյան ամրոցի կառուցումը։
Այսօր
Աղթալան շարունակում է մնալ այն վայրերից մեկը, որտեղ պատմությունը կարելի է ոչ թե
պարզապես կարդալ գրքերում, այլ զգալ սեփական աչքերով։ Ամրոցի քարերը, հին պարիսպները,
վանքի լռությունը և կիրճերի անսովոր գեղեցկությունը միասին ստեղծում են մի մթնոլորտ,
որը դժվար է փոխանցել լուսանկարներով։
Մայիսի
28-ի մեր փոքրիկ արշավը ՀՀ ևս մեկ անգամ հիշեցրեց, թե որքան հարուստ պատմություն դեռևս
կարոտ է ուսումնասիրման այն Հայաստանում, որ զավթել են թշնամի և հզոր հարևաններըլ։
Աղթալայից վերադարձանք խոնջացած և լի տպավորություններով և համոզմամբ, որ Հայասկական
բարձրավանդակի մի չնչին տոկոսը կազմող Հայաստանի 3-րդ Հանրապետության տարածքում բազմաթիվ
գանձերից այս ամրոցն արժանի է շատ ավելի մեծ ուշադրության։
Սիրելի
ընթերցողներ, եթե դեռ չեք եղել Աղթալայում, անպայման այցելեք։ Երբ կանգնում ես այդ
հին պարիսպների վրա, թվում է, թե դարերը մի պահ անհետանում են, և դու հայտնվում ես
միջնադարյան Հայաստանի պատմության կենդանի էջերի մեջ։ Տարածքի հզոր ուժային գոտի լինելու
մասին կխոսեմ մի այլ առիթով:

Комментарии
Отправить комментарий