Դպրոցը պետք է սերունդ դաստիարակի, ոչ թե պարզապես շրջանավարտ թողարկի
Հայաստանի Հանրապետության կրթական համակարգում տարիներ շարունակ իրականացվող փոփոխությունները ներկայացվում են որպես կրթության որակի բարձրացման, ժամանակակից գիտելիքի փոխանցման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման գործընթաց։ Սակայն ցանկացած կրթական բարեփոխման մասին խոսելուց առաջ պետք է պատասխանել մեկ հիմնարար հարցի՝ ի՞նչ մարդ և ի՞նչ քաղաքացի ենք ցանկանում ձևավորել մեր դպրոցում ։ Եթե այդ հարցի պատասխանը հստակ չէ, ապա նույնիսկ ամենաժամանակակից դասագրքերը, չափորոշիչները և մեթոդաբանությունները կարող են վերածվել կրթական համակարգի արտաքին և աննպատակ փոփոխության։ Այս հարցն առավել ակնհայտ է դառնում Հայոց պատմության ուսուցման օրինակում։ 5-րդ և 6-րդ դասարաններում ի՞նչ եղավ Հայոց պատմությանը Այսօր գործող հանրակրթական ծրագրում «Հայաստանի պատմություն» առանձին առարկան սկսվում է 7-րդ դասարանից։ 5-րդ դասարանում երեխան սովորում է «Իմ հայրենիքը» , իսկ 6-րդում՝ «Իմ հայրենիքն ու աշխարհը» ։ Այսինքն՝ 10-12 տարեկան հայ երեխան, որը գտնվում է իր ինքնության և աշխարհընկալման ձևավորման ...